Այսօր գործում է այդ մեխանիզմը, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացու էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում է վճարվում, բայց մեր քաղաքացիները դրանից տեղյակ չեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ եւ ավելի որեւէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է որոշակի փոխհատուցում վճարել: ՀԾԿ հանձնաժողովը վերահսկում է դա եւ այդ վճարումներն իրականացվում են: Այլ բան, որ քաղաքացիները միշտ չէ, որ դա ֆիքսում են: Շատ կարեւոր մեխանիզմ կա, որ քաղաքացիները կարող են դիմել ՀԾԿ հանձնաժողով հոսանքի որակի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս ուղղություններով պետք է աշխատանքներն ակտիվանան»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ իրենք ակտիվ են լինելու այս ոլորտում բարեփոխումների առումով: