Նոր Արեշի 34 փողոցում փլուզված տան փլատակներում մնացած կնոջը փրկարարները ևս դուրս բերեցին: Րոպեներ առաջ նրանք դուրս էին բերել մի երիտասարդ տղամարդու: Այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ երկուսն էլ ողջ են:
Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:
«Զուգահեռ միջոցառումներ են իրականացվում՝ հասկանալու համար՝ էլի կա՞ն տուժած անձինք փլատակներում, թե ոչ: Նախնական, երկու տուն է փլուզվել, հարակից տները վնասվել են: Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, քննություն պետք է տեղի ունենա»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել: