«Նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ ՀՀԿ և ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմեն» ,- Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը ԲՀԿ-ում չեն շտապում մեկնաբանել:

ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, A1plus.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց,որ այդ հարցը իրենց կուսակցությունում օրակարգային չի համարվում.

«Յուրաքանչյուր անհատի,քաղաքական գործչի անձնական թե պաշտոնական դիրքորոշումներին վերաբերվում եմ հանգիստ, որովհետև բազմիցս առիթներ ունեցա ներկայացնելու մեր տեսակետները այդ հարցի շուրջ: Մենք չենք տեսնում նույնիսկ դրդապատճառներ,որոնք կարող էին ուղղել մեզ դեպի այդ հարցի քննարկումը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ չէ գնահատել նաեւ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունները, որին չմասնակցեց սեփական թեկնածուով.«Այս պահի դրությամբ մենք մեկնաբանությամբ հանդես չենք գալիս»:

Իսկ ե՞րբ է պատրաստվում ԲՀԿ նախագահը իր գնահատականը տալ երեկ տեղի ունեցած ընտրություններին, պարոն Ուրիխանյանը դժվարացավ պատասխանել.« Ի՞նչ իմանամ։ Ես ընդամենը մատուցում եմ ձեզ այն, ինչ ինձ կուսակցությունը հանձնարարել է տեղեկատվության տեսքով»:

Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել երեկ տեղի ուենցած ընտրությունենրին: Պատճառների մասին կուսակցության խոսնակը ոչինչ չասաց: Փոխարենը տեղեկացրեց, որ ինքն էլ չի կատարել իր քաղաքացիական պարտքը.« Ես պարզապես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել»: