Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։
«Պատերազմի դաշտում ինչ է տեղի ունենում... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», - ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ են։
Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր կառավարության նիստի ժամանակ, Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում որակեց։