Թուրքիան արհեստական բանականության տարրերի օգտագործմամբ լազերային զենք է մշակել։ Դրա տեսակներից մեկը Roketsan ընկերության ստեղծած ALKA ուղղորդված էներգիայի զենքի համակարգն է։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաընկերությունը։
«ALKA-ն նորարարական զենքի համակարգ է, որը մշակվել է արհեստական բանականության ճիշտ ճարտարապետությամբ, այն հակաօդային պաշտպանության հիբրիդային համակարգ է, որն օգտագործում է էլեկտրամագնիսական և լազերային տեխնոլոգիաներ՝ ասիմետրիկ սպառնալիքներին դիմակայելու համար», - մեջբերում է հեռուստաընկերությունը արտադրող ընկերության ներկայացուցչի խոսքը։
ALKA համակարգն առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլում IDEF-2019 պաշտպանական ցուցահանդեսում։ Մասնագիտացված ռազմական պարբերականների տվյալներով, այս զինատեսակը կարող է տեղադրվել զրահատեխնիկայի և անշարժ օբյեկտների վրա, այն հիմնականում նախատեսված է անօդաչուների ոչնչացման, ինչպես նաև ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հեռահար պայթեցման համար։ Խափանումներ ստեղծելու առավելագույն հեռավորությունը 4 կմ է, անօդաչուի ոչնչացման արդյունավետ հեռահարությունը՝ մինչև 1 կմ։