ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա գտնվեց արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է "Յուքոմ" ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաեւ անհրաժեշտ գույքով:

Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին, ուսուցիչներին եւ սաներին` հարմարավետ ու բարեկարգ դպրոցի բացման կապակցությամբ, որտեղ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նա գոհունակություն հայտնեց, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարեւոր ծրագրեր են իրականացվում եւ հույս հայտնեց, որ այդ միտումները կպահպանվեն:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայքնապետի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այցելեց համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով եւ արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նախատեսվող ծրագրերի մասին: Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կինոթատրոնի շենքը կվերակառուցվի որպես մարզամշակութային կենտրոն, իսկ "Յուքոմ" ընկերության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով կվերականգնվի մարզադաշտը:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաեւ Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվեցին իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ գյուղացիական կոոպերատիվների ստեղծման եւ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին