2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։
ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 2023 թվականի բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի արագացման մասին:
2023 թվականին ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 9 502 778,6 մլն. ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8,7%-ով:
2023 թվականին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3 205 849 ՀՀ դրամ կամ 8 168 ԱՄՆ դոլար, որը դոլարային արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճել է 22,6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 111,1%-ով: 2022 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 901 910 ՀՀ դրամ կամ 6 661 ԱՄՆ դոլար, որը 2017 թվականի՝ այն է 3 869 ԱՄՆ դոլարի համեմատ աճել է 72,2%-ով:
Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է 40,2%-ով, իսկ արտահանումը 55,3%-ով՝ կազմելով համապատասխանաբար 12,3 մլրդ ԱՄՆ դոլար և 8,4 մլրդ ԱՄՆ դոլար։