Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 աղբատար մեքենաներով, ինչի համար հայցում ենք երեւանցիների ներողամտությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Մեքենաների խափանումներն ունեցել են մի շարք պատճառներ, բայց գլխավորը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելի լինելը, որտեղ խափանվել է մեր աղբատար մեքենաներից 10-ը: Դրանց մեծ մասը շատ կաչճ ժամանակում վերականգնվել է եւ հիմա աղբահանությունը իրականացվում է 34 մեքենաներով: Մեր կողմից պլանավորվել է մեկամսյա ժամկետում ավտոմեքենաների ամբողջական վերանորոգման շնորհիվ աղբատար մեքենաների թիվը հասցնել 45-ի»,- պարզաբանեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն սպասարկում կիրականացնեն:
Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի:
Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները: Ավինյանն էլ ի պատասխան «Howo»-ներին հաջողություն մաղթեց։
Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում էին աղբահանության ոչ լիարժեք սպասարկումից և սոցցանցերում իրենց բակերում կուտակված աղբի նկարներն էին հրապարակում։