Մենք գիտենք, թե ինչ է նշանակում ապրել կայսրության կողքին, որը երբեք չի դադարի իմպերիալիստական լինելուց: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա այսպես է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե երկրի կառավարությունը ճնշո՞ւմ է զգում Ռուսաստանի կողմից և ի՞նչ խորհուրդ կարող է տալ Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինային։
«Ես վստահ չեմ, որ մենք պետք է խորհուրդներ տանք ուկրաինացիներին, քանի որ մենք ունեինք գրեթե զուգահեռ պատմություններ՝ 19-րդ դարի իմպերիալիստական Ռուսաստան, 20-րդ դարի Խորհրդային Ռուսաստան, ներխուժումներ եղան, մենք միասին անցանք այս ամենի միջով։ Այսպիսով, մենք նույն ճանապարհին ենք, գիտենք, որ մեր միակ հեռանկարը Եվրամիությանն ավելի մոտ լինելն է, և սա այն ճանապարհն է, որով մենք գնալու ենք Ուկրաինայի հետ։ Մենք Մոլդովայի հետ միասին ասոցացված եռյակ էինք, և Ուկրաինայի պատերազմն իրականում արագացրեց այս ճանապարհը և մեր երկրները հասցրեց թեկնածուի կարգավիճակի»:
Խոսելով Վրաստանի վրա Ռուսաստանի ազդեցության մասին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մտավախություն կա, որ Մոսկվան կմիջամտի քվեարկության գործընթացին և հիբրիդային պատերազմ կսկսի»:
«Մենք ինքներս ենք դա ապրում՝ կիբեր հարձակումներ, տնտեսական ճնշման հնարավոր կիրառում, քարոզչություն, մարգինալ խմբերի ֆինանսավորում... Մենք ունենք օկուպացված տարածքներ, ուստի նման հասարակության համար բավականին դժվար է պատկերացնել ռուսամետ խմբավորումների և կուսակցությունների գոյությունը, բայց կան ռուսամետ խմբեր (խմբավորումներ), որոնք այդ մասին բաց չեն խոսում, նրանց հակաարեւմտյան քարոզչությունը ֆինանսավորում է: Մենք Վրաստանում տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք այլ վայրերում, և վստահ եմ, որ այս տարի էլ ավելին ենք տեսնելու, ուստի պետք է շատ զգույշ լինել»,- ասել է Վրաստանի նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է նաև «Վրացական երազանք»-ի կողմից անցած տարի նախաձեռնած անհաջող իմպիչմենտի մասին հարցին՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների պատճառով, որոնք համաձայնեցված չեն եղել Վրաստանի կառավարության հետ։ Նախագահը նշել է, որ իր այցերը Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու պատճառներից մեկն են։