Լրատվական կայքերից մեկը գրել էր, որ շաբաթ օրը Նալբանդյան փողոցից Ճանապարհային ոստիկանությունը բերման էր ենթարկել Բենթլի մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որի մեքենան տարել էին տուգանային հրապարակ:

Նույն լրատվամիջոց հաղորդել էր, որ վարորդը բերման է ենթարկվել մեքենայի` համարանիշ չունենալու պատճառաբանությամբ, սակայն, հետո պարզվել է, որ մեքենան չունի համապատասխան փաստաթղթեր և ինչ-ինչ խնդիրներ ունի իրավական հարթության մեջ: Մասնավորապես` կասկածներ կան, որ Բենթլին գողացված է և ապօրինի ճանապարհով է հասել իր սեփականատիրոջը: Ըստ լրատվամիջոցի՝ գողացված Բենթլին պատկանում է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին:

ԱԱԽ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պաշտոնապես հերքում եմ լրատվական կայքերից մեկում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բենթլի ունի և որ այդ Բենթլին... և այլն: Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Խորհուրդ եմ տալիս նախ փնտրել նորաստեղծ կայքը ճանաչելի դարձնելու ավելի ընդունված միջոցներ, քան իրականությանը չհամապատասխանող <<սենսացիաներ>> տարածելն է, և երկրորդ` կայքին չէր խանգարի ցուցաբերել մի փոքր պրոֆեսիոնալիզմ` մինչ նյութը հրապարակելը, ՕԵԿ մամուլի ծառայությունից հարցում աներ, որպեսզի տեղեկատվությունը միակողմանի չլիներ: