Պետք չի ինտրիգային բան փնտրել մեր հանդիպումներում. Այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սա հերթականն է: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Քննարկում ենք եւ արտաքին քաղաքական, եւ ներքին քաղաքական հարցեր»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք քննարկվելու է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու հարցը, նա պատասխանեց. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ունի իր շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր, Հայաստանը բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել, որոնք բխում են մեր առաջնահերթություններից, մեր պատկերացումներից:
Պրոցեսները դինամիկ են, եւ ես չէի ուզենա, որ մենք շեշտադրում անենք հակակշիռների տրամաբանության մեջ: Մենք ունենք քայլերի, նպատակների հաջորդականություն, ինչը միտված է Հայաստանի թե անվտանգության զարգացմանն ու ամրապնդմանը, թե տնտեսական կյանքին»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թե մենք, թե մեր ռուս գործընկերները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրթին եւ բարդ կոնմտեքստ ունեցող հարցերը, նաեւ տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, նաեւ աշխատանքային մակարդակում, հանգուցալուծվեն»:
Նշենք, որ երկրորդ օրն անընդմեջ վարչապետը հանդիպում է ՔՊ խմբակցության հետ: Այսօր հանդիպման էին եկել նաեւ գրեթե բոլոր նախարարները: