Փետրվարի 18-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները միաժամանակ իրականացրեցին երկու ծավալուն գործողություն՝ կապված երկու, այսպես կոչված, «գողական հավաքներ (սխոդկաներ)» ճնշելու հետ: Դրանցից մեկն իրականացվեց Մոսկվայի արևելյան, մյուսը հյուսիս-արևմտյան շրջանում:

Մեգապոլիսի արևելքում՝ Պրեոբրաժենսկի փողոցում ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալեցին ավելի քան 50 ադրբեջանցիների: Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական կայքը, ձերբակալության պահին ադրբեջանցիներից ոմանց մոտ հայտնաբերվել է հրազեն, որը բռնագրավվել և ուղարկվել է բալիստիկ-դակտիլոսկոպիկ փորձաքննության:

Իսկ քաղաքի հյուսիս-արևմուտքում ոստիկանները ձերբակալել են Ռուսաստանի տարբեր շրջաններից և Հարավային Կովկասից հավաքված 40 «քրեական հեղինակությունների», ովքեր իրենց հավաքն էին անցկացնում Վոլոկոլամսկի մայրուղում գտնվող բաղնիքում: Խուզարկության ժամանակ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ մարտական ատրճանակ, իսկ մի քանի հոգու մոտ էլ՝ տրավմատիկ զենքեր, առանց դրանք կրելու իրավունքը հաստատող փաստաթղթերի: