Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը իրաքյան կողմի հետ քննարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրաք կատարելիք այցը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը, որն այցով գտնվում է Բաղդադում։
«Վաղը մենք հանդիպումներ կունենանք Իրաքի ԱԳՆ մեր գործընկերների հետ, կքննարկենք երկկողմ հարաբերությունները։ Մենք կիրականացնենք արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստություն, որը տեղի կունենա տեսանելի ապագայում, ինչպես նաեւ մեր նախագահի այցն Իրաք»,- Յըլդըզին մեջբերել է TRT հեռուստաալիքը։ Դիվանագետը նշել է, որ խոսքը «մինչեւ ապրիլի վերջ» Էրդողանի Իրաք կատարելիք այցի մասին է։
«Պլանի համաձայն՝ այցը տեղի կունենա մինչեւ ապրիլի վերջ։ Վերջին անգամ մեր նախագահը, այն ժամանակ վարչապետ լինելով, Իրաք այցելել է 2012թ.։ Այդ ժամանակվանից եղել են Իրաքի ղեկավարության այցեր Անկարա, բայց ոչ պետական մակարդակով։ Եկել է նման այցի ժամանակը»,- ասել է Յըլդըզը։ Սա կլինի 12 տարվա մեջ առաջին պաշտոնական այցը։
Էրդողանի այցը Բաղդադ պատրաստվում է Անկարայի սուր հռետորաբանության ֆոնին Իրաքի հյուսիսում նոր տրանսսահմանային գործողության հավանականության վերաբերյալ։ Թուքրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «այս ամռանը լինելու է Իրաքի հյուսիսային մարզերի մաքրում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից մինչեւ 40 կիլոմետր խորությամբ։ Իրաքի ղեկավարությունն իբր համաձայն է որոշակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային։