Սա առաջին հանդիպումն է, բայց վերջինը չի. այսօր բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը ես այսօր չեմ տա ոչ թե նրա համար, որ չեմ պատկերացնում, այլ որովհետեւ այդ հարցի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձեւակերպվի, եւ մենակ մեզնից չի կախված: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բնակիչներից մեկը հարց ուղղեց. «Կիրանցը կպած է սահմանին, այդտեղ ցանկապա՞տ է լինելու, պարի՞սպ է լինելու, զինվո՞ր է կանգնելու, ոնց ենք մեր անվտանգությունը պահելու»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մենք կարող ենք գնալ լուծումների առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ մենք այդ անվտանգությունը ապահովելու ենք: Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով: Սահմանը մի երեւույթ է, որ իրավական պարիսպ է կառուցում: Սահմանագծման ամենակարեւոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն եւ նրանց փոխարեն գան սահմանապահները: Այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելը ընդհանրապես ընդունված չի: Այսինքն այդ հատվածում վեճ չկա: Կրակում են, որովհետեւ վեճ կա, եթե վեճ չկա կրակելու իմաստը գոյություն չունի:
Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք, ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջեւ բախումներ տեղի չեն ունենա, առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում: Եթե դու ունես սահման, դու ունես իրավական պարիսպ, որը երկրի որոշելու հարցն է՝ ինքն ուզո՞ւմ է այդտեղ նաեւ ֆիզիկական պարիսպ ունենա, թե ոչ: Կարող է իրավիճակը այնպիսին լինի, որ մենք իրար հետ որոշենք, որ պետք է, կամ որոշենք, որ պետք չի»:
Բնակիչներից մեկը նկատեց, որ 2 ամիս առաջ «Google»-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն մի 50 մետր տեղափոխվել է. «Եթե զորքը եկավ կանգնեց, թե հայկական, թե ադրբեջանական, ես այդ տանը ոնց կարող եմ ապրել»,- հարց ուղղեց գյուղացին:
Փաշինյանն արձագանքեց. «Ես ասացի, որ մենք պետք է գանք եւ այդ հարցի պատասխանը տանք: Մենք հիմա այդ աշխատանքի եւ բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաեւ ձեր հարցը, ասենք՝ էս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ինչ երաշխիքներ ենք մենք տալիս: Ու այդ հարցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն էլ պետք է պատասխանի: Ես հիմա եկել եմ ոչ թե ձեր հարցին պատասխանելու, այլ ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու եւ այդ ողջ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու, եւ ասելու՝ էս մարդու հարցին պատասխանեք: Մենք գալու ենք եւ այդ հարցին անկեղծ պատասխանելու ենք: Ասելու ենք՝ հարգելի պարոն Սիմոնյան, էսօրվա դրությունը հետեւյալն է, որ դուք կարողանալու եք ձեր տանը հանգիստ ապրել, որովհետեւ... ու պայմաններ ենք նշելու: Դրանից հետո ձեր արձագանքն ենք լսելու, ձեզ համար դա համոզիչ է, թե ոչ»: