Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները 23-ն են, որոնցից հիմնականը երեքն են` «Երազանք» կոալիցիա, «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ՆԻնո Բուրջանաձեն և Դավիթ Բաքրաձեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններին, այս մասին նշեց Վիրահայերի միասնություն հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:

«Ցանկալի է, որ նախագահ դառնա այն թեկնածուն, ով ավելի լավ հարաբերությունների մեջ կլինի Հայաստանի հետ», - նշեց նա, հավելելով, որ հնչել են նախընտրական խոստումներ, որոնք կյանքի չեն կոչվել:

Պատասխանելով այն հարցին, թե վիրահայերը որ թեկնածուին են ավելի շատ համակրում, բանախոսը նշեց, որ վիրահայերի համակրանքը դեռ չի ուրվագծվում:

«Չի բացառվում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում ավելի վառ կարտահայտվի վիրահայերի մոտեցումը», - նշեց նա:

Նա հույս հայտնեց, որ Վրաստանի վարչապետի և նախագահի ջերմ հարաբերությունները կնպաստեն Վրաստանի առաջընթացին, որն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա:

«Չի բացառվում, որ մոտ ապագայում դառնալու ենք Մաքսային միության անդամ, շատ կարևոր է, որ Վրաստանն էլ սկսի համագործակցել մեր դաշնակիցների, այդ թվում` Ռուսաստանի հետ», - պարզաբանեց նա:

Տ. Վարդապետյանը նաև նշեց, որ դպրոցներում դեռ չի լուծվել հայոց լեզվի կարգավիճակ տալու հարցը:

 

Լուսանկարը` hetq.am