Ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը՝ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հանդիպումից առաջ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ կապերի խորացման մասին, իսկ հայ պաշտոնյաներն սկսեցին խոսել Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին, հիշեցրել է BBC-ն։
Երեւանը փորձում է նաեւ պաշտպանական կապեր ստեղծել Եվրոպայի հետ։ Վերջին ամիսներին Ֆրանսիան համաձայնել է Երեւան մատակարարել արդիական զենք եւ սովորեցնել հայկական բանակին։ ԵՄ դիտորդների առաքելությունն Ադրբեջանի սահմանին ընդլայնվել է։
Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Ադրբեջանը Երեւանի եվրոպական գծում սպառնալիք են տեսնում իրենց շահերին եւ նախազգուշացնում են լուրջ հետեւանքների մասին։ Փաշինյանը պնդում է, որ խոսքը ոչ թե Արեւմուտք շրջադարձի, այլ «հարաբերությունների դիվերսիֆիկացման» մասին է։
Անկախության տարիների ընթացքում Հայաստանը փորձել է մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ համագործակցելով վերջինի հետ տեխնոլոգիաների, կրթության եւ պետական կառավարման ոլորտներում, բայց նախկինի պես հույսը դնելով Մոսկվայի վրա՝ իր անվտանգության ապահովման համար։
BBC-ն գում է, որ այդ հաշվարկը չի արդարացել. հայկական կողմը ծանր պարտություն կրեց ղարաբաղյան հակամարտությունում։
Ռուս խաղաղապահների ներկայությունը չկանգնեցրեց ադրբեջանական բանակին, եւ 100 հազար ղարաբաղահայեր փախան իրենց տներից 2023թ. սեպտեմբերին։
Զուգահեռ տեղի ունեցան զինված բախումներ նաեւ երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանին։ Եվ եթե Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել ոչ մի երկիր, ներառյալ ինքը՝ Հայաստանը, ապա պաշտոնական սահմանի հարցում Երեւանն ուներ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի՝ հետխորհրդային մի շարք պետությունների ռազմական դաշինքի օգնության հույսը։ Բայց դա տեղի չունեցավ։