Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի 11 մասնակիցների ձերբակալության մասին։ Նրանք վարչական կարգով բերման են ենթարկվել, հայտնում է SOVA-ն։
Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է պղպեղի սփրեյ՝ կրկնելով, որ «ամեն ապօրինի գործողության կհետևի իրավապահ մարմինների օրինական արձագանքը»։
«Ռուսթավելիի պողոտայում և խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, չնայած ՆԳՆ աշխատակիցների կողմից հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված բազմաթիվ կոչերին՝ բողոքելու օրենքով նախատեսված ձևերով և չձեռնարկել բռնի գործողություններ, ցուցարարները ֆիզիկապես դիմադրել են ոստիկաններին. նրանք նետել են տարբեր բութ առարկաներ, այդ թվում՝ քարեր և շշեր։
Այս ապօրինի գործողության արդյունքում տուժել է ՆԳՆ աշխատակից, որը տեղափոխվել է «Կովկաս» բժշկական կենտրոն։
Վնասվել է նաև նախարարությանը պատկանող ավտոմեքենա։ Ներքին գործերի նախարարությունը ֆիզիկական առճակատումը կանխելու համար կիրառել է հատուկ միջոցներ՝ այսպես կոչված պղպեղի սփրեյ։
Օրենքը խախտելու համար իրավապահները բերման են ենթարկել 11 անձի։ Ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել բողոքի արտահայտումը օրենքով նախատեսված շրջանակներում։
Յուրաքանչյուր անօրինական գործողության կհետևի իրավապահ մարմինների համապատասխան իրավական արձագանքը»,- ընդգծել են Վրաստանի ՆԳՆ-ում։