Ռուսական խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում գտնվող հայկական Դադիվանքի վանական համալիրի տարածքը։ Այժմ վանքը հսկում են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները։
«Սոցցանցերում նաև տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Թարթառի և Բարդայի շրջաններով։ Լրատվամիջոցները նշում են, որ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության»,- գրում է հրատարակությունը։
Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։