Սա ձեռքբերում է եւ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:
«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձեւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը:
Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որը մենք ունենք ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:
«Մենք հիմա պայմանավորվել ենք սահմանի այս հատվածի վերաբերյալ, բայց նաեւ հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել եւ բանակցային սեղանի շուրջ լուծել»,- ընդգծեց վարչապետը:
Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։
Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: