Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանն անդրադարձել է նախօրեին իր ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ բեմ էր բարձրացել եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։
Դավթյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է միջադեպի մասին՝ նշելով, որ վերջին շրջանում «որքան կեղտոտ, քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում:
Նա, մասնավորապես, նշել է. «Դուրս եկա բեմ 25 րոպե ուշացումով, պետք է սկսեմ, մտնեմ ներկայացման մեջ: Ինձ հետ հավասար բեմ դուրս եկավ մի երիտասարդ, ինձ թվաց համալիրի բեմի աշխատողներից է, տեխնիկներից է։ Հետո փորի միջից հանեց պլակատ, բացեց, կանգնեց։ Տեսել էի, որ ֆիլհարոմնիկում էլ են նման քաղաքական ակցիա կատարել, մի երկու տեղ ևս։
Շատ նորմալ տարա, չխառնվեցի իրար։ Դրանում օգնեց ինձ իմ պրոֆեսիոնալիզմը։ Պահեց, պահեց։ Ի՞նչ անեի... Ոչ էն է ծաղրեի, ոչ էն է հրեի, դուրս հանեի, արգելեի, ոչ էլ ասեի՝ վայ էս ինչ լավ բան ես անում իմ ախպեր, որ քեզ այսպես անդաստիարակի պես ես պահում, հարամում ես իմ միջոցառումը, 2000 հոգու սպասումները։ Ձայն չհանեցի։ Երևի 15-20 վայրկյան կանգնեց. այնքան, մինչև դահլիճից գոռացին՝ լավ, հասկացանք, գնա։ Մի քանի հոգի էլ գոռացին՝ բռավո, բռավո...
Այս ամեն ինչը նորմալ էր մինչ այս պահը։
Հետո հասկացա, որ այս սապլյակները ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում։ Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն երկու փաստաբան իրենց սպասում էին համալիրում, երկուսն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, երկու հոգի այդտեղ են եկել, երկու հոգի իրենց սպասել են քաղմասում։
Սա մեզ ի՞նչ է հուշում։ Որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Դու շուն ես եղբայր, քեզ փող են տալիս, դու նման բաներ ես անում։ Հայենասեր տղայից դեպի շուն լինելը մի քայլ է: Դու շուն ես, տղա չես, քեզ կոպեկը գցում են, վազում, անում ես, հետո գալիս հանում են քաղմասից։
Ես քաղաքականացված մարդ չեմ։ Այդ տղայի տերերին եմ արդեն ասում՝ քաղաքական գործիչներ, դուք այդքան անմակարդա՞կ եք, չե՞ք հասկանում, որ կարող է լինել այս երկրում մարդ, ով քաղաքականացված չէ»։
Սոցիալական ցանցերի օգտատերերը արձագանքել են Հովհաննես Դավթյանի այս «լայվին»: Օգտարերերը քննադատել են դերասանին, որ նա չի բարձրաձայնում Տավուշում ստեղծված իրավիճակի մասին, նաեւ հիշեցրել են, որ «չքաղաքականացված» լինելով՝ 2018-ին գովաբանում էր հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանին:
Օգտատերերից մեկը գրել է. «Մինչ մեր հայրենիքը մաս-մաս նվիրում են թշնամուն, Հովհաննես Դավթյանները հումոր են անում, փող են աշխատում, վատանում են, երբ իրենց վարձած դահլիճում կարող է հայրենիքի փրկության կոչեր հնչեցվեն»:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հեչ պատահական չէ, որ «քաղաքականությամբ չզբաղվող» էս ծամածուռի՝ Հովհաննես Դավթյանի նկատմամբ միշտ կասկածամտությամբ եմ վերաբերվել։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանն արձագանքել է. «Ժամանակակից հայ կոմիկ դերասանները երկու բան գիտեն՝ նմանակել ու ծամածռվել։ Առաջինում ապաշնորհ են, երկրորդում՝ վիրտուոզ։ Ճիշտ իշխանության պես»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Չեմ կարող ասել, որ բոյկոտում եմ Հովհաննես Դավթյանի ներկայացումները, որովհետև առհասարակ իր գոյության մասին երեկ իմացա, էդ բոյկոտը օրգանիկ և ինքնաբերաբար էր էլի։
Բայց քաղաքական նմանակումներով դահլիճ լցնողը ու 2018-ին քաղաքական կոնտենտ տվողը երբ ասում ա «ինձ քաղաքականության մեջ մի խառնեք», ոնց որ բիպոլյարկա ունենա»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. ««Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։
Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է»։