Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ուշադրություն է հրավիրում այն հաղորդագրությունների վրա, ըստ որոնց ռուս զինվորականները Զապորոժիեի շրջանից 76-րդ և 7-րդ օդադեսանտային դիվիզիաների հատվածները տեղափոխում են Արևելյան Ուկրաինա՝ Դոնեցկի մարզում ընթացիկ հարձակողական գործողությունները ուժեղացնելու և ակտիվացնելու նպատակով՝ օգտվելով ներկայիս «խոցելիության պատուհանից»՝ մինչև ամերիկյան ռազմական օգնությունը մեծ մասշտաբով կհասնի ռազմաճակատ: Ըստ ISW-ի՝ առայժմ չի հաստատվել վերոնշյալ պնդումը: Ընդ որում, Զապորոժիեի շրջանից արևելյան Ուկրաինա օդադեսանտային ուժերի ցանկացած փոխադրում ավելի մանրազնին վերլուծություն է պահանջելու:
Ռուսաստանի զինված ուժերը ներկայում փորձում են օգտագործել մարտավարական հաջողությունը Ավդեևկայից հյուսիս-արևմուտք՝ այդ տարածքում ավելի լայն ճեղքման հասնելու համար և ակտիվացնում են հարձակողական գործողությունները՝ նպատակ ունենալով գրավել կարևոր ռազմական նշանակություն ունեցող Չասով Յար քաղաքը:
Ռուսական հրամանատարությունը կարող է դեսանտայիններին տեղափոխել այդ շրջաններ կամ Կուպյանսկ-Սվատովո-Կրեմեննայա ռազմաճակատի գիծ, որտեղ ռուսները առաջնագծի ամբողջ երկայնքով վերսկսել են հարձակողական գործողությունները։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ օդադեսանտային ստորաբաժանումների ցանկացած վերաբաշխում ռուսական ուժերին հնարավորություն կընձեռի ակտիվացնելու հարձակողական գործողություններն ու էական ճնշում գործադրելու ուկրաինական զինված ուժերի վրա։ ISW-ն ընդգծել է, որ կշարունակի վերահսկել հնարավոր վերատեղակայման մասին հաղորդումները, քանի որ դա էական վտանգ է Ուկրաինայի՝ ռուսական ընթացիկ հարձակողական գործողությունները մոտակա շաբաթների ընթացքում դանդաղեցնելու ունակության համար: