Ցանկալի է Կիեւի համար զենքն արտադրել Ուկրաինայի տարածքում, ԵՄ ֆինանսավորմամբ եւ եվրոպական ընկերությունների մասնակցությամբ, որպեսզի տրանսպորտային ծախսերը խնայվեն։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով ԵՄ եւ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համաժողովին։

 

«Եթե հնարավոր է, զենքը պետք է արտադրել Ուկրաինայում, եվրոպական ընկերությունների աջակցությամբ, դա թույլ կտա խնայել տրանսպորտային ծախսերը եւ զենք արտադրել այնտեղ, որտեղ այն պետք է,- ասել է Բորելը։- Մենք պետք է [Ուկրաինա] մատակարարենք միջոցներ արդյունաբերության պաշտպանության եւ արտադրության ընդլայնման համար։ Այս համաժողովը նվիրված է երկրորդ խնդրին։ Համաժողովին մասնակցելու են եկել 140 ընկերություններ 25 երկրներից, մենք կքննարկենք, թե ով կարող է ավելին արտադրել Ուկրաինայում»։

 

«Սա երրորդ նման հանդիպումն է, առաջինը տեղի է ունեցել Ուկրաինայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, երրորդը՝ Եվրոպայում։ Խնդիրը ուկրաինական արդյունաբերությունը Եվրամիության պաշտպանական էկոհամակարգին ինտեգրելն է։ Խնդիրը ուկրաինական պաշտպանական արդյունաբերության հնարավորություններն ուժեղացնելն ու զարգացնելն է, մեր խնդիրը ավելի արագ եւ ավելի շատ արտադրելն է»,- ասել է Բորելը։

 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան «լավ է արտադրում անօդաչուներ», իսկ ԵՄ-ը «կարող է սովորել» դա, բայց միեւնույն ժամանակ Եվրամիությունն ունի «արտադրական եւ ֆինանսական հնարավորություններ», միությունն ուսումնասիրում է, թե ինչպես զենք արտադրել ուկրաինական տարածքում։