Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախ և ժպտադեմ ու երջանիկ լուսանկար հրապարակել հայաթափված Շուշի քաղաքից։
Այս ցուցադրական և չափազանց լուրջ քայլով Վաշինգտոնը ևս մեկ անգամ պարզորեն ի ցույց է դնում Հայկական հարցում իր որդեգրած թուրքամետ-ադրբեջանամետ դիրքորոշումը։ Ողջունելով ու խրախուսելով հայերի բռնագաղթն ու նորօրյա ցեղասպանությունը՝ Բայդենի վարչակազմն ի լուր աշխարհի հայտարարում է իր համար «ընդունելի» (եթե ոչ՝ ցանկալի) ցեղասպանությունների նոր դարաշրջան։ Արդարև, Արցախին հետևեց Գազայի ցեղասպանությունը, որն իրականացնում է Ադրբեջանի և ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակից Իսրայելը։ Այս օրերին էլ հենց ԱՄՆ-ն Իսրայելին ահռելի ռազմական, դիվանագիտական ու քարոզչական օգնություն է տրամադրում։
Եվ այսպես, բնիկ հայության բռնագաղթն ու ցեղասպանությունը ողջունում են և՛ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները, և՛ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ի անդամ պետությունները։ Մեզանում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ անվտանգության հույսեր կապելն այսօր կարող է վկայել, լավագույն դեպքում, քաղաքական սիրողականության մասին։
2021 թ. ի վեր բազմիցս կրկնել եմ, որ այժմ մեր հույսը կարող է լինել միայն ներքին համաժողովրդական մոբիլիզացիան, հատկապես՝ Հայկական բանակի վերածնունդը և նրա թիկունքում կանգնած բազմահազարանոց աշխարհազորի շուտափույթ ստեղծումը, ինչպես նաև շատ շուտով միջուկային տերություն հռչակվելիք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմավարական ու ռազմական սերտագույն դաշինքի կնքումը։
Բայց ուշանում ենք, ուշանում ենք, ուշանում ենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid029eGtCSHn2rdqSNLSwGYmVQReZgwJ47n4vqWhp2dPAoxvPBXPhotejKGpR6SfVWnl&id=100015837611475