Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձախողումը 44-օրյա պատերազմն է համարում։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսին։
«Ամենամեծ անհաջողությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն է։ Կարևոր է հասկանալ՝ ինչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից, որը կապ ունի էսօրվա իրավիճակի հետ։ Իսկ ինչո՞ւ է այսօր կառավարությունը խոսում պատերազմից խուսափելու մասին, և դա հնարավոր համարում, իսկ այն ժամանակ հիմնավորում, որ դա հնարավոր չէ»։
Ըստ նրա՝ ԼՂ-ի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ․ «Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից, սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում։ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով իր հաջողություններին՝ Փաշինյանն ասաց, որ ամենամեծ հաջողությունն այն է, որ այս ամենով հանդերձ Հայաստանն ու իր ժողովուրդը հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը․ «Դա Հայաստանի պետականության հարատևության շատ էական հիմքեր է ստեղծում, որը 2019-ին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային միտքն է։ Այս աղետների միջով անցնելով մենք եկել ու հասել ենք մի տեղ, երբ այլևս տեսնում ենք հորիզոն, հեռանկար։ Գերակշռող զգացողությունը իմ՝ որպես ՀՀ վարչապետ եղել է փակուղու զգացողությունը։ Այսօր փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում, որը սահմանազատման շնորհիվ է»,- ընդգծեց նա։
Վարչապետը հայտարարեց, թե պետք է դադարել հայրենիքի փնտրտուքը, այն գտել ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։