Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ մայիսի 10-ին, կհանդիպեն Ալմաթիում:

Հիշեցնենք, որ եղել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով:

 

Երևանն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Աստանայում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին հրապարակային խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ դրան նախորդել էր Ղազախստանի նախագահի այցը Հայաստան։ Երևանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է այս հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը: Ղազախական կողմն իր հերթին հայտարարել է, որ Աստանան հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում:

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել են փետրվարին՝ Բեռլինում։ Շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել: