Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

 

«Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։

Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։