Դադարեցնել միջազգային իրավական փաստաթղթերի նենգափոխումը պետական և միջազգային մակարդակով: Նման կոչով են հանդես եկել հայ փորձագետներն իրենց հայտարարության մեջ՝ կենտրոնանալով Ալմա-Աթայի հռչակագրի կեղծման վրա։ Հայտարարությունը ստորագրել են Հրանտ Բագրատյանը, Լարիսա Ալավերդյանը, Արամ Սարգսյանը եւ Միհրան Շահզադեյանը:
Հայտարարությունում ասվում է. «2024 թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը՝ երկու երկրների փոխվարչապետների նախագահությամբ: Կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել համապատասխան կանոնակարգի նախագծում:
Անմիջապես՝ 2024 թ. ապրիլի 20-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Բաքվի և Երևանի միջև Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու պայմանավորվածությունը՝ համարելով դա կարևոր քայլ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Նույն օրը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ:
(«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությունը երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար Ալմա Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու վերաբերյալ։ Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքային տարրը և կծառայի որպես կարևոր քայլ հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Ալմա Աթայի 1991 թ. հռչակագիրը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման իրավական հիմք ճանաչելու մասին պարոն Շառլ Միշելը խոսում է Պրահայի 2022 թ. հոկտեմբերի 10-ի հանդիպումից ի վեր, որին մասնակցում էին նաև Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Պնդում են, ինչպես մշտապես հայտարարում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե իբր այդ հռչակագիրը ստորագրած նորանկախ պետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ միութենական հանրապետությունների նախկին վարչական սահմանների շրջանակներում, որոնք դառնում են պետական սահմաններ։
Սակայն, ինչպես որ ցույց է տրվում միջազգային փորձագետների և հասարակական գործիչների «Ալմա Աթայի հռչակագրի աղավաղումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին» հայտարարության մեջ (https://shorturl.at/inCO5), Ալմա Աթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում հատուկ գործածված է «գոյություն ունեցող սահմանները» ձևակերպումը, որպեսզի հստակ լինի, որ դրանք «նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները» չեն, այլ հենց նրանք, որոնք գոյություն ունեն հռչակագրի և, համապատասխանաբար, ԱՊՀ երկրների ստեղծման համաձայնագրի ստորագրման պահին:
Նախկին միութենական հանրապետությունների վաչական սահմանների հիշատակման բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով արդեն իսկ անկախացած որոշ պետությունների սահմանները թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ:
Փլուզված պետության (տվյալ դեպքում ԽՍՀՄ-ի) նախկին ներպետական վարչատարածքային սահմանները
չէին կարող ինքնաբերաբար իրավական հիմք ծառայել նորակազմ պետությունների միջպետական սահմանները որոշելու համար: Չէ՞ որ 1991 թ. վերջին Անկախության հռչակագրեր էին ընդունվել Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրի Հանրապետությունում և ԼՂՀ-ում:
Նշենք, որ 1991 թվականից մինչև մեր օրերը չկա ԱՊՀ հաստատությունների ընդունած որևէ փաստաթուղթ, որում գեթ մեկ անգամ նշված լինի «խորհրդային սահմաններ» բառակապակցությունը կամ հասկացությունը: Նմանապես որևէ միջազգային կազմակերպության որևէ փաստաթղթում դարձյալ գոյություն չունի հղում «խորհրդային սահմաններին»՝ սկսած 1991 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Ռուսաստանի և մյուս նախկին խորհրդային հանրապետությունների ապագա կարգավիճակի և ճանաչման ուղենիշների մասին «12» հայտարարությունից» մինչև մեր օրերը:
Արժե նաև ուշադրություն դարձնել այն իրողության վրա, որ և՛ Ալմա Աթայի հռչակագիրը, և՛ ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրված է ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ նորակազմ Ադրբեջանի Հանրապետության կողմից, որն իրեն հայտարարել է 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ:
Այդպիսով Ադրբեջանի Հանրապետությունը, որ ստորագրել է այդ փաստաթղթերը, դե յուրե ճանաչել է, որ թե՛ Արցախը, թե՛ այսպես կոչված «անկլավները» չեն գտնվում նորակազմ Ադրբեջանի Հանրապետության սահմաններում: Հետևաբար ՀՀ ներկայիս իշխանությունների բոլոր փորձերը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը և ՀՀ-ի որոշ տարածքներ Ադրբեջանի կազմում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից միանգամայն անհիմն անվանվելով «անկլավներ», հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, զուրկ են ամենայն իրավական հիմնավորումից: Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից գործող օրենսդրության ամենակոպիտ խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունը, դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): Դա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին, ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան, ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում:
Հարկ է նշել նաև, որ ԽՍՀՄ-ի տարածքում երբեք չի եղել և չէր կարող լինել խորհրդային հանրապետությունների որևէ անկլավ: Հայկական ԽՍՀ-ի տարածքում գտնվող վարչական միավորները որպես «անկլավներ» սահմանելը միանգամայն անհիմն է իրավական առումով։
Վերոհիշյալ դեպքերում Ալմա Աթայի հռչակագրին հղում անելիս լիովին անտեսվում է դրա դրույթները ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կիառումից և ուժի սպառնալիքից, տնտեսական և ճնշման բոլոր այլ մեթոդներից հրաժարման, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքներն ու ազատությունները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու պարտավորությունների բարեխիղճ կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ընդունված սկզբունքների ու նորմերի մասին, որոնք Ադրբեջանը խախտել է կոպտագույն կերպով: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ 2020 թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, լայնամասշտաբ ռազմական ագրեսիան 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների զավթումը՝ ուղեկցվելով բռնությամբ, խաղաղ բնակչության, այդ թվում և երեխաների ու ծերերի սպանություններով, վանդալիզմի այլ գործողություններով, վկայում են կանխամտածված գործողությունների մասին, որոնց նպատակը եղել է ցեղասպանությունը հայրենի հողում հազարավոր տարիներ ապրած հայերին վտարելու միջոցով:
Այսօր փաստացի Լեռնային Ղարաբաղից հեռացել է ողջ մնացած ամբողջ բնակչությունը: Ադրբեջանի շարունակվող հանցավոր գործողությունները ոչ միայն անվտանգության իրական սպառնալիք են Հարավային Կովկասում, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանում:
Անցած տարվա հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը դատապարտեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը «բռնի զավթելու» համար: Բանաձևում եվրապատգամավորները հայ բնակչության հեռացումը համեմատեցին էթնիկ զտման հետ և կոչ արեցին ԵՄ ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ (https://shorturl.at/svxV7):
Բանաձևի հեղինակները նաև քննադատեցին Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված «իրավիճակի բացասական զարգացումների» մասին իրենց նախազգուշացումներն անտեսելու համար: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ արեց Եվրամիությանը «անհապաղ վերանայել ԵՄ անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Սակայն, ինչպես կարելի դատել Եվրոպական միության հայտարարություններից ու գործողություններից, ավելի ճիշտ՝ ղեկավարության անգործությունից, նրանց քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին, նրանց կողմից համապատասխան արձագանք չեղավ 2021-2022 թթ. Ադրբեջանի կողմից Հայաստանի
Հանրապետության տարածքների զավթմանը, իսկ այսօր նրանք ողջունում են Հայաստանի ներկայիս կառավարության կողմից սեփական երկրի տարածքների հանձնումը ադրբեջանական ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ: Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության ղեկավարների գործողությունների ու հայտարարությունների մասին: Ադրբեջանի բոլոր հանցագործությունները կատարվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և շատ այլ երկրների առաջնորդների անգործության պայմաններում: Այդ հանցագործությունների համար ոչ ոք Ադրբեջանում որևէ պատիժ չի կրել:
Պարոն Շառլ Միշելը ս.թ. ապրիլի 29-ին Եվրոպական միության ընդլայնման 20-ամյակին նվիրված իր ելույթում վերամբարձ հայտարարեց, թե «մենք պետք է խուսափենք երկակի ստանդարտների ծուղակից, բոլոր ժողովուրդները ազատության և արժանապատվության միևնույն իրավունքներն ունեն», բայց և բացառեց նախկին հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման ազատությունն ու իրավունքը: Թե ինչպես են եվրոպական առաջնորդների հռչակած հայտարարություններով ապահովվում հայերի «իրավունքներն ու անվտանգությունը», կարելի է տեսնել այսօր՝ մեկնելով Լեռնային Ղարաբաղ: Եթե, իհարկե, նրանց հաջողվի գեթ մեկ հայի հանդիպել:
Այսօր ողջ Հայաստանում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում հայկական հողերը ագրեսորին հանձնելու դեմ: Ժողովուրդը հասկանում է, թե ինչ կործանարար հետևանքների կարող է դա հանգեցնել: Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնց նույն արևմտյան քաղաքական գործիչները գովաբանել են ժողովրդավարությանը նվիրվածության համար, բիրտ ոստիկանական միջոցներ են կիրառում ոչ միայն այդ ցույցերի մասնակիցների, ներառյալ կանանց, ծերերի ու պատանիների նկատմամբ, այլև դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները կանխելու նպատակով կոչ ենք անում հրաժարվել քաղաքական ձեռնածություններից, միջազգային փաստաթղթերի բովանդակության և առանցքային հասկացությունների աղավաղումից, որոնց հղում են անում Եվրամիության առաջնորդները, պետությունների ղեկավարները և արտաքին քաղաքականության գերատեսչությունները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները:
Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել հանուն ժողովրդավարության ապահովման, միջազգային իրավունքի նորմերի ու դրույթների պահպանման և պատժամիջոցներ կիրառել այն պետության դեմ, որը ցեղասպանության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը և շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ:
Լարիսա Ալավերդյան, Հայաստանի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն
Միհրան Շահզադեյան, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Հրանտ Բագրատյան, «Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ (1993-1996), տնտեսագիտության դոկտոր