Կալիֆորնիայի Mayman Aerospace ընկերությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտով հագեցած նոր տեսակի ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող (HS VTOL) Razor ռեակտիվ թռչող սարքի հայեցակարգը: Թռչող սարքի կիրառման շրջանակը տատանվում է դեղերի առաքումից մինչև Hellfire հրթիռներով օդային հարձակումներ:
Razor-ն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել որպես օդաչուի համար թռչող մոտոցիկլետ, սակայն Mayman Aerospace-ը այն վերափոխել է մարտական անօդաչու թռչող սարքի: Սարքը հագեցած կլինի տարբեր տեսակի ծանր վառելիքով աշխատող չորս պտտվող տուրբինային շարժիչներով:
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված, ներքին խցիկում կամ արտաքին կախոցով կկարողանա տեղափոխել 45-ից մինչև 450 կգ օգտակար բեռ՝ մինչև 6000 մ բարձրության վրա մինչև 800 կմ/ժ արագությամբ: Թռիչքի և վայրէջքի համար նրան բավական է 3 x 3 մ տարածք: Razor-ը նաև կկարողանա սավառնել օդում, իսկ AI նավիգացիայի և Skyfield կառավարման ծրագրի շնորհիվ ինտեգրված է այլ հետախուզության և հսկողության համակարգերի հետ:
Mayman Aerospace-ը նախատեսում է արտադրել մի քանի տեսակի Razor տարբեր առաքելությունների համար, որոնց թվում՝ ռազմական և հումանիտար բեռների առաքում, անօդաչու թիրախի գործառույթ, իսկ եթե բեռի փոխարեն մարտագլխիկ տեղադրվի, Razor-ը կվերածվի էժան թևավոր հրթիռի: