Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը պարզաբանել է, թե ինչու է որոշել 34 տարեկանում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նա հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կհեռանա ֆուտբոլից։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի հունիսի 30-ին։
«Չէի ցանկանա հայտնվել պահեստայինների նստարանին։ Չէի ցանկանա լսել ինձ շրջապատող մարդկանցից, որ ամեն ինչ ավարտված է։ Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց խուսափել այդ ամենից»,- Կրոսի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։
Աշխարհի չեմպիոնը «Ռեալում» է հանդես գալիս 2014 թվականից՝ 463 խաղում խփելով 28 գոլ, կատարելով 98 գոլային փոխանցում։ Արքայական թիմի հետ նա դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի հնգակի ակումբային չեմպիոն, Իսպանիայի քառակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը։
Transfermarkt-ը Տոնի Կրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։