Եթե այս հանդիպումը չկայացավ, դուք իրավունք ունեք, ԱԳՆ կայքը մտնել, բոլորի լուսանկարները հանել ու նրանց ներկայացնել որպես թուրք-ադրբեջանական իշխանության ներքո գործող գործակալներ, կամակատարներ, դեսպաններ, ներկայացուցիչներ, ինչ ուզում եք՝ դրեք անունները: Այս մասին ԱԳ նախարարության շենքի դիմաց դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ հանրային վերահսկողությունը չբացակայի, յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր արածաների համար։ «Մեր ճանապարհը սա է»,-ասաց նա, ապա նշեց, որ ոստիկանությունը հայտարարություն ունի անելու։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ մի շարք ավտոմեքենաներ տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք, նրա ձայնը խլացավ ուլոցների, վուվուզելների ձայների մեջ։
Սրբազանն ասաց՝ կարծում էր, ոստիկանությունն այլ բան է ցանկանում ասել։
«Ուրեմն ամբողջ պատասխանատվությունը կմնա արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի նախարարի վրա, ինչ-որ պատահի այստեղ։ Մարդիկ չեն ուզում, ուրեմն կգնանք հատուկ պահպանվող տարածքներում հատուկ պահպանվողներին տեսնելու»,-ասաց նա։
Իրավիճակը լարվեց: Այստեղ է ժամանել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Ցուցարարները գունավոր ծուխ սկսեցին բաց թողնել: Բախում սկսվեց: