ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը պարզություն մտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարների հարցում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը պարզություն մտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարների հարցում։ Դա օգտակար կլիներ մեր միավորման բոլոր մասնակիցների համար՝ առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման իմաստով»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարում գործընկերները Հայաստանից էապես կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։


«Այնուամենայնիվ, փոխգործակցության բավական հիմնական մեխանիզմներ գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, բոլոր պարտավորություններն այդ երկրի հանդեպ պահպանվում են լրիվ ծավալով»,- ընդգծել է Տասմագամբետովը։