Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կատարած հաշվարկների համաձայն՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի հետևանքով տնտեսությանը հասցված ուղղակի վնասը մոտ 200 մլն դոլար կկազմի, խոսքը միայն ճանապարհների կառուցման, գույքի վնասի փոխհատուցման, տների վերակառուցման մասին է։ Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Պարսյանի կարծիքով՝ առնվազն 3-5 տարի կպահանջվի աղետի տնտեսական հետևանքները վերացնելու համար․ «Այդ գումարի մեջ ներառված չեն անուղղակի վնասները՝ բիզնեսներին աջակցությունը, վարկերի մարման հետաձգումը, ներկրման և արտահանման ծախսերը»։


Տնտեսագետի խոսքով, Դեբեդ և Աղստև գետերի վարարումը Հայաստանի մի շարք բնակավայրներին մեծ վնասներ է հասցրել, մասնավորապես 8 քաղաք և մոտ 30 գյուղ է վնասվել: Աղետը պատճառել է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնասներ: Ուղղակի վնասը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանների տները, բիզնեսները էապես տուժել են, նյութական, գույքային կորուստներ ունեն: Բացի այդ, տուժել են տարածաշրջանի ենթակառուցվածքները՝ մասնավորապես ճանապարհները և երկաթգիծը, որոնք վերականգնելու համար բավականին մեծ ռեսուրսներ են հարկավոր: Սուրեն Պարսյանի խոսքով, աղետից հատկապես տուժել է հանքարդյունաբերության ոլորտը, որն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 2-3 տոկոսը, և Հայաստանի արտահանումների մոտ 36 տոկոսը: Բացի այն, որ արտահանում տեղի չի ունենում, այս տարածաշրջանում են գտնվում խոշոր հանքավայրեր, Ախթալայի և Թեղուտի լեռնահարստացման կոմբինատները, Ալավերդու պղնձաձուլարանը, որոնց գործունեությունը ևս դադարեցված է: «Անուղղակի վնասը կայանում է նրանում, որ Լոռիով էին տեղի ունենում Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք ապրանքների արտահանումը և ներմուծումը: Երկաթգծի միջոցով իրականացվում էր Հայաստանից պղնձի և մոլիբդենի արտահանումը: Արտահանումն այս պահին դադարեցված է, քանի որ երկաթգծի մոտ 2.5 կմ հատված քանդվել է: Երկաթգծի չգործելը բավականին լուրջ վնասներ է առաջացնում նաև ներկրման ժամանակ, որովհետև դիզելային վառելիքի, ցորենի ներկրումը չի իրականացվում երկաթգծի միջոցով, այլ բեռնատար մեքենաների, ինչի դեպքում ծախսերն ավելի շատ են»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե ողջ բեռնափոխադրումն իրականացվի այդ ճանապարհով, Վերին Լարսում էլ խցանումներ կարող են առաջանալ: Տնտեսագետի խոսքով՝ ճանապարհները վերակառուցումը բավականին թանկ կարժենա՝ հաշվի առնելով, որ կառավարությունը նախատեսում է այդ ճանապարհները նոր նորմատիվներով կառուցել, ինչի պարագայում ճանապարհի մեկ կիլոմտերի կառուցումը 1 մլրդ դրամ կամ ավելի կարող է արժենալ: