Apple-ն աշխատում է iPhone 16 շարքի սմարթֆոններում արհեստական բանականության մի քանի գործառույթների վրա, որոնք, ինչպես ակնկալվում է, iOS 18-ի թարմացման շրջանակում կստանան նաև iPhone-ի ավելի հին մոդելներ։
Այնուամենայնիվ, Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հայտնել է, որ նախկինում թողարկված սարքերից արհեստական բանականության ավելի առաջադեմ գործառույթները հասանելի կլինեն միայն iPhone 15 Pro-ին և iPhone 15 Pro Max-ին:
Ըստ նրա՝ iOS 18-ի արհեստական բանականության հիմնական գործառույթները կկատարվեն սարքի վրա, մինչդեռ ավելի առաջադեմ գործառույթների համար կպահանջվի ավելի շատ հաշվողական հզորություն և դրանք հիմնված կլինեն Apple-ի սերվերների վրա:
Հաղորդվում է, որ iOS 18-ը կներառի արհեստական բանականության գործառույթներ, ինչպիսիք են ծանուցումների ամփոփումը (Greymatter Catch Up), պատկերներից օբյեկտներ հեռացնելը, նորացված Notes հավելված՝ խոսքը տեքստի վերածելու և ամփոփման հնարավորություններով և այլն: Օպերացիոն համակարգի նոր տարբերակում նոր հնարավորություններ կստանա նաև Siri օգնականը:
Արհեստական բանականության բազային գործառույթները կստանան iPhone 11 շարքի, ինչպես նաև ավելի նոր՝ iPhone XS, iPhone XS Max, iPhone XR, iPhone SE (2-րդ սերունդ), iPhone SE (3-րդ սերունդ) սմարթֆոնները։ Իսկ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը կստանան առաջադեմ գործառույթներ։
Նշենք, որ iOS 18-ում կլինեն նաև փոփոխություններ, որոնք կապված չեն արհեստական բանականության հետ։ NEWS.am Tech-ն ավելի վաղ գրել էր այն մասին, թե որ iPhone-ները կստանան iOS 18 թարմացումը։