ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը իսրայելցի զինվորականներին ներառել է երեխաների դեմ հանցագործություններ կատարած գլոբալ ցուցակում, տեղեկացրել է Գուտերիշի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Դյուժարիկի խոսքով՝ Իսրայելին տեղեկացրել են, որ երկիրը ներառված է այդ ցուցակում գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցում, որն ուղարկվելու է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ հաջորդ ուրբաթ։
Ցուցակում ներառված են նաեւ ՀԱՄԱՍ-ը եւ «Պաղեստինի իսլամական ջիհադը», ինչպես նաեւ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
Դյուժարիկը ավելացրել է, որ ուրբաթ Գուտերիշի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է ՄԱԿ Իսրայելի առաքելություն, ինչը սիրալիրություն է այն երկրի հանդեպ, որը վերջերս ներառվել է ցուցակում։ «Դա արվում է այն բանի համար, որպեսզի զգուշացնի այդ երկրներին եւ արտահոսք չլինի»,- ասել է նա։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը տեսանյութ է հրապարակել, որում զանգահարում է հավանաբար ՄԱԿ աշխատակցին, եւ դրա մի մասը տեղադրել է սոցցանցերում։
Տեսանյութում Էրդանը վրդովմունք է հայտնել ՄԱԿ որոշման կապակցությամբ՝ ՑԱԽԱԼ-ն անվանելով «աշխարհի ամենաբարոյական բանակը»։
«Միակ մարդն, ով այսօր հայտնվել է սեւ ցուցակում, գլխավոր քարտուղարն է, որի որոշումները պատերազմի սկզբից եւ անգամ ավելի վաղ խրախուսում են ահաբեկիչներին՝ օգտագործել երեխաներին ահաբեկություններ կատարելու համար... Ամո՛թ իրեն»։
Դյուժարիկը «ցնցող եւ անընդունելի» է անվանել այն փաստը, որ Էրդանը, ամենայն հավանականությամբ, հրապարակել է մասնավոր խոսակցությունը՝ ասելով, որ դա այն է, ինչը նա երբեք չի տեսել այդ կազմակերպությունում իր աշխատանքի 24 տարիների ընթացքում։