Հայաստանի հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի թիմի նկատմամբ Երեւանում տեղի ուենցած ընկերական խաղում։
«Երկար սպասված հաղթանակ էր: Բոլորին շնորհավորում եմ: Երկար ժամանակ չէինք կարողանում հաղթել, լավ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Այսօր կարողացանք հաղթել, պահերն օգտագործեցինք: Ճիշտ է՝ պաշտպանությունում թերություններ կային, բայց հաղթեցինք, ճիշտ իրացրինք պահերը:
4 ընկերական հանդիպումներում ուժեղ մրցակիցների հետ խաղացինք. Չեխիան, գիտեք ինչ հավաքական է, Սլովենիան, որը պատրաստվում է Եվրո-2024 եզրափակիչին, Ղազախստանը, որը Սլովենիայի հետ մեկ խաղում զրկվեց եզրափակիչի ուղեգրից: Բոլորն էլ ուժեղ էին:
Վատ ֆուտբոլ չենք խաղում, ուղղակի կան մանր թերություններ, որոնք պետք է շտկենք: Այդ թերությունները կապված են սերնդափոխության հետ, երիտասարդ ֆուտբոլիստներն են շատ, սխալներ, որոնք այս մակարդակի վրա չեն ներում»,- ասաց Վարազդատ Հարոյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։