Ընդդիմությունը, չիմանալով ինչ անի իր սեփական սնանկության և անկարողության հետ, ինչ-որ ֆեյք պրոցես է գեներացրել, ինչ-որ ուղերձի տեքստ է բերել, որի մեջ ներառել է այն ամենը, ինչ այս 6 տարի խոսում է: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Պատերի տակ խոսում էին, թե այս իշխանությանը մնացել է 1 ամիս, սպասեք երկու ամիս, հեսա գնում են տուն: Ասեմ՝ 6 տարի արդեն անցել է այդ ժամանակներից։ Հիմա էլի տալիս եք 1 ժամ, 2 ժամ, 99 ժամ: Ինչքան ուզում եք, նստեք էդ ժամերը հաշվեք, դրանից մենակ ձեր ժամանակն է գնալու, դրանից մեր ժամանակը չի պակասելու»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած ուղերձի տեքստին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ձերը ուղերձի տեքստ չի, չուղերձի տեքստ է: Ձերը չակնկալիքների պայքար է, չուղերձի տեքստ է: Դուք էդ եք, դուք «չընդդիմություն» եք, չ-երով ինչ կա՝ դուք եք։ Դուք ժողովրդին խաբում եք՝ ասելով՝ հեսա վարչապետին հանում ենք։ Սա ընդամենը ուղերձ է, որը կյանք չի էլ ունենալու։ Ես անձամբ չեմ գալու այդ նիստին, մենք չենք մասնակցելու, որովհետեւ ձեր օրակարգը սին, ոչ մի բանմի մասին օրակարգ է: Դուք էս երկրում նման պրոցես չեք կարող գեներացնել:
Դուք քաղաքականապես այդքան ունակ չեք, որ նման պրոցես գեներացնեք։ Ձեր նորելուկ, կիսագողական, փիլոնով առջնորդի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանանք՝ դուք էդքան չկաք: Հասկացա՞ք: Շնորհակալություն»,-հայտարարեց նա։
Տեղից հնչեցին բողոքի արտահայտություններ, ինչին նիստը վարող Ալեն Սիմոնյանը դիմելով Արծվիկ Մինասյանին, ասաց. «Պարոն Մինասյան, խնդրում եմ տեղից սենց ձեռներով մի խոսեք, Բաղրամյան փողոցում չեք, ԱԺ դահլիճում եք»:
Նրա խոսքից հետո դահլիճում աղմուկ առաջացավ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Տիկին Գալստյան, զսպեք ձեզ: Կրկնեմ, սա փողոց չի, սա ԱԺ-ի դահլիճն է»:
Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, ով արդեն ամբիոնի մոտ էր, ասաց. «Անկասկած սա փողոց չի, դրա համար փողոցային դրսեւորումները պետք է կանխել: Դա զազրանք ու զզվանք է առաջացնում»: