Կա տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության եզրափակիչ նիստի բացմանը։
Նախարարը նշել է, որ հանդիպումը քաղաքական երկխոսության բարձր մակարդակի օրինակ է, որը խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում հավատարմությունն է ժողովրդավարական սկզբունքներին։
Միրզոյանն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունը հետեւում է ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման գծին։ Համոզված եմ, որ մեր գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ը, մեր կողքին են, որպեսզի ապացուցեն, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ տալ, նշել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ համագործակցությունն ընդգրկում է ամենատարեր ոլորտներ՝ պաշտպանություն, բարձր տեխնոլոգիաներ, արդարադատություն, տնտեսություն եւ այլն։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիպում բարձր մակարդակով, որի արդյունքներով փաստվել է ընդլայնված համագործակցությունը եւ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցման մեծ պոտենցիալը։ Նախարարը փաստել է ԱՄՆ մասնակցությունը արժանապատիվ խաղաղության հաստատմանը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետեւողական աջակցման հետ միասին։ Այս համատեքստում Միրզոյանը հաստատել է ՀՀ հավատարմությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանազատման գործընթացին Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Նախարարի կարծիքով՝ կա «խաղաղության պայմանագիրը արդյունքի հասցնելու իրական պահ, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար»։ Նախարարն ընդգծել է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման Հայաստանի շահագրգռությունը՝ երկրների ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, ինչն արտացոլվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում։