Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել, դա ՆԳ նախարարությունն է բերել, որը պատասխանատու է հասարակական կարգի ապահովման եւ անվտանգության համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Իսկ ՆԳՆ-ն ունի մի շարք ստորաբաժանումներ, որոնք վերլուծում են օպերատիվ իրավիճակը հասարակական կարգի ապահովման համար միջոցների կիրառման, ուժերի քանակն ու գործածման ուղղությունը, որից հետո իրենք այդ միջոցները ձեռնարկում են:
Դա իշխանությունը չի, հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման պատասխանատու հիմնարկը բոլոր ժամանակներում ՆԳՆ-ն է կամ նախկին ոստիկանությունը»,-ասաց նա:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ շենքում չլիներ, այդքան մեծ քանակի ոստիկանական ուժեր կլինեի՞ն ԱԺ շենքի մոտ, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, բայց չեմ կարող ասել, թե ինչ օպերատիվ վերլուծության հիման վրա են րել: Դա մասնագիտական գործունեություն է, որն իրականացնում են մեր իրավապահները:Վարչապետը չի ասում՝ ինչ միջոցներ կիրառեն, այդ պատասխանատվությունը ՆԳՆ-ի վրա է, հետեւաբար, իրենք գնհատելով իրավիճակը, ձեռնարկում են համարժեք միջոցներ»:
Դիտարկմանը, որ շատ ՔՊ-ականներ խոսում են հնարավոր սադրանքների մասին ցուցարարների կողմից, նա ասաց. «Ուրեմն կան այդպիսի տվյալներ կամ հիմնավոր կասկածներ, որ կարող են սադրանքներ լինել, որովհետեւ մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ մի տեղ հավաքվելը արդեն հասարակական կարգի ապահովման, ինչու չէ, նաեւ հանցագործությունների առումով ռիսկային տեղ է: Իրավապահների խնդիրն է, որ եւ երթը անցնի խաղաղ, եւ երթի մասնակիցների իրավունքները ապահովվեն, եւ նաեւ մեր քաղաքացիների: ՆԳՆ-ն առաջինն է շահագրգռված, որ ամեն ինչ անցնի օրենքի շրջանակներում, իսկ եթե չի անցնում, դրա պատասխանատվությունը կրում է ՆԳՆ-ն: հետեւաբար, երբ խոսում եք սադրիչների մասին, ոչ մի կառույցի շահերից չի բխում ինչ-որ սադրանքներ այդտեղ լինեն»: