ՌԴ ՊՆ-ն սկսել է Լենինգրադի ռազմական օկրուգի հրթիռային ուժերի ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը, այդ ուժերը վերահսկում են ՆԱՏՕ-ի հետ սահմանը երկրի արեւմուտքում եւ հյուսիսում։ Գերատեսչության տվյալներով՝ հրթիռային ուժերը փորձարկում են «Իսկանդերների» կիրառումը։ Մասնավորապես, նրանց խնդիրն է ստանալ հատուկ ուսումնական զինամթերքներ նշված համալիրի համար, դրանք ապահովել կրիչ հրթիռներով եւ ծածուկ տեղաշարժել դիրքերի շրջան՝ արձակման նախապատրաստման համար։


Բացի այդ, զորավարժություններին մասնակցում են ռազմածովային նավատորմի նավերը։ Նրանք ստանում են ծովային բազավորման թեւավոր հրթիռներ եւ դուրս գալիս պարեկման։

Մանեւրների երկրորդ փուլը մեկնարկել է նախօրեին, դրան միացել են Բելառուսի զինծառայողները։ Փուլերը երեքն են։ Առաջինն անցել է Հարավային ռազմական օկրուգում, որը վերահսկում է Ուկրաինայի եւ Լեհաստանի հետ սահմանները։ Այն սկսվել է մայիսի 21-ին եւ շարունակվել երեք շաբաթ։ Զորավարժություններն անցկացվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Միութենական պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանմանը պատրաստ լինելու համար։


Կրեմլում ընդգծել են, որ տակտիկական միջուկային հարվածի պատրաստման համար պատրվակ են դարձել Արեւմուտքի հայտարարությունները Ուկրաինա զորքերի հնարավոր ուղարկման մասին։ Դա «լարվածության թեժացման բոլորովին նոր շրջադարձ է», որը պահանջում է «հատուկ ուշադրություն եւ հատուկ միջոցներ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։