Ռուսաստանը պետք է ամեն օր փորձի «առավելագույն վնաս» հասցնել ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին պատժամիջոցների համար, որոնք նրանք մտցրել են երկրի եւ նրա քաղաքացիների դեմ, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Դրա համար պետք է այսուհետ եւս փնտրել նրանց տնտեսության կրիտիկական խոցելի տեղերը եւ խփել դրանց բոլոր ոլորտներում։ Վնաս պատճառել բոլոր տեղերում՝ կաթվածահար անելով նրանց ընկերությունների եւ պետական հաստատությունների աշխատանքը։ Տառացիորեն բնաջնջել նրանց էներգետիկան, արդյունաբերությունը, տրանսպորտը, բանկային եւ սոցիալական սպասարկումները»,- գրել է Մեդվեդեւը թելեգրամ-ալիքում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է Արեւմուտքի «թշնամիներին» հանձնի սպառազինությունների բոլոր հնարավոր տեսակները, բացի միջուկայինից, եւ պատերազմ սկսի տիեզերքում։ Մեդվեդեւը նաեւ կոչ է արել կազմակերպել զանգվածային անկարգություններ արեւմտյան երկրների խոշոր քաղաքներում։


«Նրանք վախենում են սոցիալական պայթյուններից։ Եկեք կազմակերպենք դրանք։ Պետք է նրանց մեդիա-տարածքում բաց թողնել բոլոր ամենահրեշավոր գիշերային վախերը, օգտագործել նրանց բոլոր ֆանտոմային ցավերը։ Այլեւս չպետք է խնայել նրանց հոգեկանը»,- նշել է նա։


ԱՄՆ եւ նրա դաշնակիցների կյանքը պետք է վերածվի «համընդհանուր խելահեղ մղձավանջի, որտեղ նրանք չեն կարողանա տարբերել վայրի հորինվածքը օրվա իրողությունից, ինֆերալ չարիքը կյանքի առօրեականությունից», ընդգծել է Մեդվեդեւը։

«Եվ ոչ մի կանոն թշշնամու հանդեպ։ Թող ստանան ամեն բան Ռուսաստանին վնասելու համար, եւ որքան հնարավոր է ցավոտ։ Յուրաքանչյուր պահի ավանդ ներդնել»,- ավելացրել է նա՝ մեջբերելով Հին Կտակարանից (Երրորդ գիրք, 24։20). «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ինչպես արեց նա <…>, այնպես էլ իրեն կարվի»։

Մեդվեդեւի գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ավելի քան 300 նոր պատժամիջոց է մտցրել Ռուսաստանի, այդ թվում Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի (Մոսբորսայի արժութային բոլոր գրոծրաքների կոնտրագենտ) եւ Ազգային պահառուի դեմ։

Բացի այդ, Վաշինգտոնը սեպտեմբերի 12-ից արգելել է մի շարք ծառայությունների մատուցումը ծրագրային ապահովման եւ IT ոլորտում ռուսական ընկերությունների համար։ ԱՄՆ-ը նաեւ սահմանափակումներ է մտցրել ՀԲԳ-նախագծերի դեմ («Арктик СПГ-1», «Арктик СПГ-3», «Мурманский СПГ», «Газпром инвест», «Русгаздобыча», «Мурманск-Трансгаз» եւ ООО «Обский газохимический комплекс»)։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան «նման ագրեսիվ գործողություններն անպատասխան չի թողնի»։