Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Բաղրամյան պողոտայում երեկվա բախումներին մասնակցած ոստիկաններից մեկի ձեռքին եղած զենքը և ներկայացրել, թե ինչ զենքի մասին է խոսքը։
«Lուսանկար էին ուղարկել, հարցնում էին, թե սա ինչ «հատուկ միջոց» է ոստիկանի ձեռքում։
Եթե միջնադարից լիներ այս նկարը, կասեի, որ անգլիական բիլ է՝ կեռով նիզակ, որի նպատակը ճակատամարտի ժամանակ հակառակորդի ձիավորներին ձիերից քաշել ու գետնին տապալելն էր։
Եթե ծովի կոնտեքստում քննարկվեր այս նկարը, ապա կասեի, որ սա նավային կարթաձող է, որով նավերն ու նավակներ են քաշում։ Բայց Հայաստանում նավատորմեր չկան, իսկ ծովամարտի նմանվող իրադարձություն վերջին անգամ 921 թվականին է եղել։ Ուրեմն դա էլ չի...
Ու քանի որ այսօրվա Հայաստանում ծովամարտերն այլևս ակտուալ չեն, ինչպես նաև ակտուալ չեն հեծելազորով հարձակվող ցուցարարները, ապա մեր ժամանակի ու տարածության կոնտեքստում միայն 1 տարբերակ է մնում. ոստիկանի ձեռքում սովորական հրշեջ կարթաձող է (багор пожарный), որը նախատեսված է հրդեհների ժամանակ թեթև փլվածքները քանդելու համար և հաստատ ոչ մարդկանց դեմ կիրառելու։
Նույն հաջողությամբ սույն ոստիկանը կարող էր, ասենք՝ եղան կամ կացին վերցնել հրշեջ վահանակից։
Ուզում եմ հասկանալ, թե ո՞ր պաշտոնական փաստաթղթի հիման վրա է այս ոստիկանը զինված կարթաձողով (որով հանգիստ կարելի է մարդ սպանել) և որն է դրա օգտագործման հիմնավորումը։ Իսկ եթե այդպիսի փաստաթուղթ չկա, արդյոք այս լուսանկարում արձանագրվածը հանցագործություն չէ»,- գրել է նա։