«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։

Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։

Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սեւ Լճի տեղամասում, ապա նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասում եւ դիրքավորվել։

Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։

Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին եւ գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որեւէ խնդրի։

Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարեւան բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիեւը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, եւ սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան եւ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։

«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ստեց Կարեն Սարգսյանը։

Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը եւ հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու եւ առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիեւն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: