Փփոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասին՝ նշելով, որ Սյունիք կատարած այցի ընթացքում առավել մանրամասն է ծանոթացել նախագծին:


«Միայն այդ հատվածն ահռելի մեծ նախագիծ է, և այդտեղ պետք է ուշադիր լինենք: Իհարկե, միջազգային մրցույթ է, կառուցապատող ընկերությունից տպավորությունը լավն էր, որովհետև այդ կարգի նախագծեր է իրականացրել: Իրոք, ռազմավարական շատ մեծ ծրագիր է: Հույս ունեմ, որ նախանշված ժամկետներում կկարողանանք իրականացնել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի հետ կապված ևս մեկ դիտարկում է կատարել՝ հիշեցնելով, որ 2021 թվականից ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են այնտեղ իրականացվել: Վարչապետն արձանագրել է, որ կառուցված ճանապարհային ցանցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի առնվազն որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը։