ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը, դեռ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության բանակցություններն սկսելուց առաջ, լինելու է ռուսական ռազմակայանի դուրսբերման պահանջը ՀՀ-ից։ Այս մասին հունիսի 25-ի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի նշանակման դեպքում կարող է դրվել նաեւ այս հարցը։ Հարությունյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, որը անհարմար չի զգացել իր զորքերը մտցնել Սիրիա, Լիբանան եւ Կիպրոս, ձեռնտու կլինի ռազմական սադրանքը եւ Սյունիք մտնելը, խանգարում է միայն մի գործոն՝ Ռուսաստանը։ «Եվ դա այն Ռուսաստանն է, որն այսօր ամեն հարցում աջակցում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նա գիտակցում է, սակայն, որ Սյունիքը կարեւորագույն ռազմավարական կետ է Հարավային Կովկասում, ուստի Ռուսաստանը չի կարող զիջել այն»,- նշել է նախկին վարչապետը։
Նա վստահություն է հայտնել, որ ռուսական ռազմական ներկայությունը եթե չօգնի Հայաստանին, ապա, առնվազն, չի խանգարի։