«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ:


Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, եւ եթե դրանք իրականանան, հնարավոր է, որ տնօրենը եւ աշխատակազմից ոմանք դիմում գրեն:

Արայիկ Հարությունյանն ուզում է ինչ-որ նոր մարմին կամ գրասենյակ ստեղծել` իր նախկին խոսնակ, արեւելագիտականի իր նախկին ուսանող Անժելա Կժդրյանի գլխավորությամբ: ՊՈԱԿ-ը կենթարկվի այդ գրասենյակին, կփոխվեն նրա գործառույթները` հիմնականում կզբաղվի վերլուծություններով, կպահպանի փորձագետներին, իսկ, ասենք, կառավարությանը ենթակա գերատեսչությունների խոսնակների աշխատանքը կհամակարգի նոր գրասենյակը:


Թերեւս այս փոփոխությունները պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում` իշխանությունը սկսել է նախապատրաստությունը եւ, ըստ ամենայնի, դժգոհ է քարոզչությունից, ուստի պատրաստվում է ավելացնել այս մարմինների քանակը, ֆինանսավորումը եւ փոխել կառուցվածքը: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ Տարոն Չախոյանն ու Գոռ Ծառուկյանը չեն արդարացնում իրենց, կամ` Արայիկ Հարությունյանն է այդպես համոզել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում