Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը եւս մեկ տարով երկարաձգած 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունն Արքայական ակումբ։ Նա հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։ Մբապեն հայտարարել էր, որ 10 համարով խաղում է «Ռեալի» լեգենդ Լուկա Մոդրիչը եւ չի հավակնում այդ համարին։
«Ես գնահատում եմ Մբապեի խոսքերն իմ մասին։ Շատ հաճելի էր լսելը։ Ես ուրախ եմ, որ Մբապեն վերջապես տեղափոխվեց «Ռեալ»։ Նա լավագույններից մեկն է եւ ապացուցել է այս տարիների ընթացքում։
Ցավոք, նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Խորվաթիայի եւ իմ դեմ խաղում, բայց ես շատ ուրախ եմ, որ հիմա նա իմ թիմում է։ Բոլորս կօգնենք նրան, որպեսզի շուտ հարմարվի, դրսեւորի իր տաղանդը եւ հասնի առավելագույնին։
Ես ցանկանում էի մնալ «Ռեալում», քանի որ նախկինի նման ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ՝ դեռ կարող եմ հանդես գալ ամենաբարձր մակարդակում։ Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում էլ կնվաճենք տիտղոսներ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։
Մբապեն 5 տարվա պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ։