Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուները բանակցում են ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հայտարարությունը հավանաբար կլինի այսօր: Նախաձեռնությունը Անդրիաս Ղուկասյանինն է: «Առաջարկել եմ բոլոր թեկնածուներին դատապարտել այս ընտրությունների արդյունքները»,- երեկ թերթի թղթակցին ասել է Ղուկասյանը, հավելելով, որ փորձում են բոլոր թեկնածուների հետ հանդիպել և ընդհանուր հայտարարի գալ: Թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, իրենց նախնական համաձայնությունն են տվել տեքստին: Արման Մելիքյանը մերժել է առաջարկը: «Թեկնածուների կոլխոզ են փորձում ստեղծել»,-նկատել է Մելիքյանը, հիշեցնելով, որ ինքն իր գնահատականը ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել` որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն կոչ է արել ընտրողներին` «ովքեր դեմ են կեղծ ընտրություններին, քվեարկեն իր օգտին, դրանով վերածելով ընտրությունները կեղծարարության դեմ համազգային հանրաքվեի»: Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ասել է, որ ինքն իր տանը նստած է, և որևէ մեկն իրեն որևէ առաջարկություն չի արել: Պարույր Հայրիկյանին ևս որևէ առաջարկով չեն դիմել: «Հավանաբար, իմ օգնականների հետ են խոսել»,- ասել է նա: