Եվրոպական և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները հրատապ բանակցություններ են վարել Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ պատերազմից խուսափելու համար։ Դրա մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին։


Նշվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան «կենսական անհրաժեշտ» բանակցություններ է վարել Թեհրանում, այդ նույն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով պատասխանատու Բրեթ ՄըքԳուրքը բանակցություններ էր վարում Սաուդյան Արաբիայում։

Անանուն պաշտոնյաները Financial Times-ին հայտնել են, որ քննարկումները կենտրոնացած են եղել Իրանին համոզելու վրա՝ կա՛մ չպատասխանել հարձակմանը, որի մեղավորը Իսրայելն է, կա՛մ սահմանափակվել խորհրդանշական գործողություններով: «Երեկ գիշերվանից բոլորը ճնշում են գործադրում Թեհրանի վրա, որպեսզի նա իրեն զսպի և պատասխան հարված չհասցնի», - պարբերականին ասել է բանակցային գործընթացում ներգրավված արևմտյան դիվանագետը։


Ավելի վաղ The New York Times-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաման է տվել ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ Թեհրանում Իսլամական Հանրապետություն նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցած Հանիեի սպանությանն ի պատասխան: