Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից ներողություն է սպասում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքով արված հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Հուլիսի 26-ին Օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների շքերթի ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարներն ուղիղ եթերում հայտարարեցին, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է, իսկ անցյալ տարի սգո տարի էր Լեռնային Ղարաբաղի կորստի պատճառով, որը, ըստ մեկնաբանների, անցել է ադրբեջանական բանակի ձեռքը։
«Մենք կարծում ենք, որ ֆրանսիական պաշտոնական պետական ալիքով հնչեցված կողմնակալ կարծիքները, որոնք ծառայում են Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի մի մասն են, և դա արվել է միտումնավոր։ Մենք Ֆրանսիայից ներողություն ենք ակնկալում և պահանջում ենք, որ նման քայլերը հետագայում չկրկնվեն», – լրագրողներին ասել է ԱԳՆ խոսնակը։