Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:4 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։


Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանն ակտիվ սկսեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Սարավիին, բայց Ալեքսանյանը չկարողացավ գլորում կատարել:

Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով Արթուր Ալեքսանյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում պասիվությունը տվեցին Արթուր Ալեքսանյանին եւ պարտերում շատ լավ պաշտպանվեց՝ միավոր չտալով մրցակցին:

Երկրորդ մրցափուլի երկրորդ մասում Սարավին հրեց Ալեքսանյանին եւ երկու միավորանոց հնարք կատարեց: Արթուր Ալեքսանյանը չելենջ պահանջեց, ըստ նրա Սարավին ոտքով էր գործել հրելիս: Մրցավարները չբարարարեցին չելենջը: Հաշիվը դարձավ 1:4՝ Սարավիի առավելությամբ:

Արթուր Ալեքսանյանն ու Մոհամադհադի Սարավին մրցագորգում 4-րդ դիմակայությունն էին անցկացնում: Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էր Արթուր Ալեքսանյանը:

Առաջին անգամ ըմբիշները գոտեմարտել են 2019 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթել է 4:3 հաշվով:

Երկրորդ անգամ մրցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթել է 4:1 հաշվով:

Երրորդ հանդիպումը հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթել է 3:1 հաշվով: Այդ առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փարիզում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին, քառորդ եզրափակիչում, գերլարված պայքարում 9:5 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում 5:3 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, Ռիո-2016-ի ոսկե եւ Տոկիո-2020-ի արծաթե մեդալակիր:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ

Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում:

Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանից:

2007թ. Սեւծովյան տարածաշրջանի երկրների պատանեկան մրցաշարի երրորդ մրցանակակիր է, 2009 թ. երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2010 թ. երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2010 թ. երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, 2011 թ. մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 թ. Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր:


2012 թ., 2013 թ., 2014 թ., 2018 թ., 2020 թ., 2023 թ. եւ 2024 թ. Եվրոպայի չեմպիոն, 2014թ., 2015 թ., 2017թ. եւ 2022 թ. աշխարհի չեմպիոն է, 2013 թ., 2019 թ. եւ 2023 թ. աշխարհի փոխչեմպիոն, 2019 թ. Մինսկի Եվրոպական խաղերի չեմպիոն:

Մասնակցել է Լոնդոն-2021, Ռիո-2016, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Փարիզ-2024-ը Արթուր Ալեքսանյանի 4-րդ Օլիմպիական խաղերն էին:

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, 2014 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:


2016 թ.-ից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է:

2019 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:

Ամուսնացած չէ: